Skip to content

Պատմություն

Էջմիածնի Երվանդ Օտյանի անվ. թիվ 7 դպրոցը հիմնադրվել է 1964 թ: 1964-1965 ուստարում դպրոցի տնօրեն է նշանակվել Սուրիկ Խաչատրյանը, ուսումնական գծով փոխտնօրեն` Էմիլ Դանղյանը: Տնօրենը նախաձեռնեց դպրոցամերձ հողատարածքում պտղատու այգու հիմնում, բակում եղևնիների տնկում, դպրոցի միջանքներում բույսերի աճեցում: Հիմնադրման օրվանից դպրոցում աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Դպրոցում գործել են հագեցված լաբորատորիաներ, կաբինետներ, կազմակերպվել են կինոդիտումներ: Դպրոցում գործել է նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտության ուսուցիչ Գևորգ Հարությունյանը: Տարիներ անց Հարությունյանը ղեկավարեց Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոցը: 1968-1969 ուստարում տնօրեն նշանակվեց Էմիլ Դանղյանը, իսկ ուսումնական գծով փոխտնօրեն` Սերոժ Դանղյանը: Այդ տարիներին դպրոցը դարձավ Լուսավորության նախարարության հենակետային դպրոց` առաջավոր փորձի դպրոց: Նախարարության կողմից հաճախակի կատարվող դասալսումները հավաստում են բարձրակարգ ուսուցչական կազմի առկայությունը: Դպրոցում աշխատել են առաջավոր մասնագետներ` կենսաբան Անժիկ Նալբանդյանը, մաթեմատիկ Զավեն Վարդանյանը, Լենա Գալստյանը, Ռուբիկ Սիմոնյանը: Ռուսաց լեզվի մասնագետ Ֆլորա Այվազյանը բազմիցս արժանացել է պատվոգրերի, քանի որ նա առաջիններից էր, որ դասապրոցեսն անցկացնում էր երեխաների ուժերով թարգմանված մուլտֆիլմերի հիման վրա: Դպրոցը տվել է հրաշալի կադրեր` գիտությունների երկու թեկնածուներ` Ռազմիկ Գրիգորյան և Հրաչյա Բաբուջյան:Դպրոցը ոսկե մեդալով ավարտած բազմաթիվ շրջանավարտներ դարձել են ականավոր բժիշկներ, մանկավարժներ, տնտեսագետներ: Պետք է նշել, որ հարազատ քաղաքի երկու քաղաքապետերն էլ թիվ 7 դպրոցի շրջանավարտներ են: Դպրոցում աշխատող բազմավաստակ մանկավարժներից մի քանիսը արժանացել են « Ժողկրթբաժնի գերազանցիկի կրծքանշան» - ի` Խաչատրյան Գրետա, Աշոտյան Սվետլանա, Պետրոսյան Էմմա, Վարդանյան Զավեն: Շատ մանկավարժների շնորհվել է « Ավագ ուսուցչի» կոչում` Նալբանդյան Անժիկ, Ռոզա մարգարյան: Այդ տարիներին դպրոցում գործել է վարորդական իրավունքի վկայական շնորհող խմբակ: Դպրոցում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներ` մրցույթներ, օլիմպիադաներ միջքաղաքային մասշտաբի են եղել և մշտապես հաղթող են եղել թիվ 7 դպրոցի աշակերտները: 1995-1996 ուստարում տնօրեն է նշանակվել Ազատ Տեր-Սարգսյանը, իսկ փոխտնօրեն` Ժենյա Տեր-Հովակիմյանը:

2012թ. փետրվարից սկսվել են դպրոցի շինարարական աշխատանքները` փոխվել է տանիքը, պատուհանները, դռները, ստեղծվել է ջեռուցման լոկալ համակարգ: 2013թ. սկսվել է շինարարության նոր փուլը` հանդիսությունների դահլիճի վերականգնումը և դպրոցը ընդգրկվել է հիմնովին վերանորոգման ծրագրում: 2012-2013 ուստարում դպրոց ներմուծվեց ներառական կրթություն /29 աշակերտ/, դպրոցում աշխատող բազմամասնագիտական թիմը /ԲՄԹ/ հասել է լուրջ հաջողությունների` ՀՄԽ-ի հետ համատեղ միջոցառումը և այլն: Հաջողություններ են գրանցվել նաև ուսումնական գործընթացում` ակտիվ մասնակցություն ենք ունեցել դպրոցական օլիմպիադաների բոլոր փուլերում, շարադրությունների մրցույթում,իսկ 2012թ. դպրոցը շահել է Էջմիածնի վերաբերյալ շարադրությունների մրցույթը և ստացել է խոշոր դրամական պարգև: 2013թ. դպրոց ներմուծվեց նաև նախակրթարան, որը լցնում է տարածքում բացակայող մանկապարտեզի բացը: